Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Մեր առաջին սերը. չխամրող հուշի պատառիկ

Մեր առաջին սերը. չխամրող հուշի պատառիկ
18.09.2026 | 15:45

Կոստյան մեր դասարան եկավ քաղաքի
Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցից։
Մեր նորաբաց դպրոցը մաթեմատիկական խորացված ուսուցմամբ էր, ինչպես այն ժամանակ էին իբր հակիրճ ասում` մաթեմատիկական թեքումով։
Կոստյան մեր դասարանցիներից շատերի պես սիրում էր մաթեմատիկան։ Ու մենք` «չմաթեմատիկ» աղջիկներով նկատեցինք, որ նա նման չէ ոչ ոքի, շրջանի դպրոցներից մեր դասարան ընդունված «ընտրանի» համարվող մյուս տղաներին։
Նա ուրիշ էր, ու... մեզնից շատերը սիրահարվեցին նրան։ Լուռ, անխոս, ծածուկ` «գողունի» որսալով նրա հայացքը։
Կոստյան ազգությամբ հույն էր, սակայն բոլորովին նման չէր հույնի, հունարեն էլ չգիտեր` ինչպես իր ազգակից մեր համաքաղաքացի հույները` բերձենները։
Մեր քաղաքում հույները (բերձեն) շատ էին, հիմնականում` հանքագործ կամ պղնձագործ֊ձուլող էին, ինչպես իր հայրական անվանակիր պապը` Կոստյա Կոտանովը։
Կոստյան ինքն իրեն էլ հույն չէր համարում, մայրը` տիկին Ասյան, հայուհի էր։ Եվ չզարմացանք, երբ անձնագիր ստանալիս խնդրել էր, որ անձնագրում` «ազգությունը» տողի դիմաց, գրեն «հայ»։
Արդեն չափահաս էր, անձնագրային սեղանի խստադեմ, տարեց պետը բարձր վերադասի թույլտվությամբ հարգել էր արժանապատիվ քաղաքացու գիտակցված խնդրանքը։
Սիրունատես տղա էր Կոստյան։ Ինքն էլ գիտեր, որ թաքուն սիրահարված ենք իրեն, ու բոլորիս մեր բաժին ժպիտն էր պարգևում։
Սիրուն, տաք ժպիտը։ Միայն մերը։ Յուրաքանչյուրինս։
Ավարտեցինք դպրոցը, շփումները շարունակվեցին նաև մայրաքաղաքում` բուհերում ուսանելու տարիներին։
Ամուսնացավ իր մայրիկի ընտրած հարսնացուի հետ, բայց ուրիշին էր սիրում։ Ու բոլորս գիտեինք այդ մասին։ Սիրուն սեր էր քաղաքի միակ ռուսական դպրոցի այն ժպտերես, անուշիկ Դոնարա անունով աղջնակի հանդեպ, սեր, որ այդպես էլ կիսատ մնաց, կիսատվսծ, անկատար։
Մթի, ցրտի տարիներին ընտանիքով Ռուսաստան տեղափոխվեցին։ Մտահոգ էր որդիների ապագայի համար։
Մի օր խմբագրության աշխատասենյակի դուռը բացվեց և անսպասելի` շեմին հայտնվեց նա` Կոստյան` բարձրահասակ, թիկնեղ, հաղթանդամ։
Այնքա՜ն ուրիշ, այնքա՜ն հարազատ։ Գրկախառնվեցինք` ամեն անգամվա պես։
«Հատուկ եկել եմ քեզ տեսնելու, տեսնելու` ո՞նց ես այս դժվարին օրերին»,֊ասաց, ու աչքերը լցվեցին։
Լաց եղանք հին, անցած֊գնացած, թանկ օրերի համար։ Համադասարանցիներին հիշեցինք` մեկիկ֊մեկիկ, կարոտեցինք, լռեցինք, տխրեցինք անժամանակ հեռացածների համար։
Բաժանվելիս ասաց. «Կառա ջան (այդպես էր դիմում ինձ), որ իմանաս` էլ չկամ, իմացի՛ր, որ կարոտից եմ մահացել։ Էլ չեմ դիմանում։ Ամեն օր «Կռունկ» ու «Դլե՜ յաման» եմ լսում։ Ամենուր` տանը, աշխատավայրում, ավտոմեքենայում։ Գժվելու բան է կարոտը»։
Դրանից հետո էլ չենք հանդիպել։ Արտերկրից հերթական շրջագայությունից վերադառնալուց հետո կրտսեր եղբորիցս իմացա գույժը` սրտի կաթված։
Ջահել էր, շա՜տ ջահել։ Երեսունհինգը նոր էր բոլորել։ Շտապեց, չէ՛, կարոտը տարավ։ Խեղդող կարոտը։
Ամեն անգամ հայրենի գյուղ` Շնող` նախնիներիս շիրիմներին այցի գնալիս, խնդրում եմ «Հաղպատի տակի» գերեզմանոցի ճամփեզրի իր շիրմի մոտով անցնելիս դանդաղեցնել ավտոմեքենայի ընթացքը։ Չէ՛, չեմ կանգնում լուռ շիրմաքարի մոտ, ուղղակի մտովի բարևում եմ։ Ինձ համար Կոստյան ողջ է, ուղղակի առաջվա պես հաճախ չենք հանդիպում։ Ինչպես տարիներ առաջ, երբ աշխատանքային օրվա ավարտին, չգիտես` որտեղից` որտեղ, ճանապարհիս միշտ «պատահաբար» հայտնվում էր իր սիրուն, կանաչ, միշտ մաքուր «ժիգուլի»֊ով։ Որ ոտքով չբարձրանամ մեր հարազատ դպրոցի հարևանությամբ գտնվող մեր շենքի դիբը (զառիվերը)։
Կոստյայի մասին վաղուց էի մտմտում գրել։ Ամեն օր թողնում էի վաղվան։
Իր ծննդյան օրը` հունվարի 12֊ը, միշտ եմ հիշում։ Երևի մեր դասարանի աղջիկներն էլ։ Շատերը։
Այս տարի` իր հոբելյանին էլի հիշեցի։
Ամեն անգամ մտաբերելիս տխրում եմ, շա՜տ։ Կարոտով եմ հիշում մեր դասարանի հույն֊հային։
Երևի թե այս տաք, անանց հուշերն են մեզ ապրեցնում։
Հուշերը, որ գուցե «առաջին սեր» անվանումն ունեն և չխամրող հուշի պատառիկներ են։

Կարինե Ա․ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Դիտվել է՝ 339

Մեկնաբանություններ